Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը:
Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։
Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ: