Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը առավել քան երբևէ՝ չինական Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարը: Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին վեց ամիսն ամենահանգիստն է եղել:
«Լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Սակայն Ադրբեջանի մոտեցումը հետևյալն է՝ խաղաղությունը պետք է հաստատեն Բաքուն և Երևանը, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում։ Խաղաղությունը Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում չէ»,- ասել է նա:
Հաջիևը կարծիք է հայտնել, որ չնայած առաջընթացին՝ քաղաքական որոշակի զարգացումներ կան, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային գործակցության և խաղաղության օրակարգի վրա։
Պաշտոնյան դժգոհել է պաշտպանական ոլորտում Ֆրանսիա-Հայաստան գործակցությունից:
«Հիասթափված ենք Նաև Վաշինգտոնի որոշ հայտարարություններից և գործողություններից։ Նրանք ընդունել են 907-րդ արձանագրությունը, որն արգելում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին»:
Հաջիևը մեղադրել է ԱՄՆ-ին Բաքվի նկատմամբ կողմնակալ դիրքորոշում որդեգրելու համար, հավելել՝ ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը չի կարող խաղաղության գործընթացում լիովին անաչառ կողմ համարվել։
«Բարձր ենք գնահատում նրանց ջանքերը: Բայց որևէ տեսակի միջնորդության կարիք չկա»,- եզրափակել է Ալիևի օգնականը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: