ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական KM Global Activity ընկերության ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։
Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին, և որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել։
Վաչե Տերտերյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ներդրում կատարելու պատրաստակամության համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժամանակի բարենպաստ հանգամանքը, երբ եվրոպական և, մասնավորապես, ֆրանսիական ընկերությունները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։
Փոխնախարարն առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերել ճանապարհաշինության, ջրամբարաշինության, ինչպես նաև՝ դպրոցաշինություն և մանկապարտեզների կառուցման ոլորտներում։
Շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում շինարարությունն իրականացվում է բացառապես մրցութային ընթացակարգով, ՏԿԵ փոխնախարարը խորհուրդ է տվել ընկերության ներկայացուցիչներին մասնակցել նաև համայնքային փոքր օբյեկտների տենդերներին և կատարած լավ աշխատանքի շնորհիվ հայկական շուկայում ձեռք բերել ճանաչվածություն։