Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայողներ թույլ են տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշումներով՝ նրանցից 15-ի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն», իսկ 2-ի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժերը։
Միաժամանակ, ծառայողական քննության ընթացքում, նշված ծառայողները բացատրություններ են տվել այն մասին, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Սակայն հաշվի առնելով, որ ՔԿՀ նախկին պետը և նրա նախկին տեղակալը ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել։