Մարտի 11-ին՝ կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ` ընդհանուր ավելի քան 21 գրամ: Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով` հետագայում նշված վայրերում տեղադրելու համար:
Մարտի 15-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երևանցի մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու 20 դեղահաբ:
Մարտի 16-ին Դալմայի այգիներում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենի 13 փաթեթ` ընդհանուր 26 գրամ քաշով, մոխրացած հետքով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում եղած մարիխուանան ձեռք է բերել Տելեգրամի միջոցով:
Մարտի 19-ին՝ գիշերվա ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղում ծառայելիս մայրաքաղաքի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 35-ամյա երևանցի վարորդին և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 28-ամյա ուղևորին: Արենցի երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե չորս փաթեթ` ընդհանուր ավելի քան 52 գրամ քաշի մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ըստ նրա` կանեփն ինքն էր հավաքել վայրաճ թփերից և անձնական օգտագործման համար պատրաստել թմրանյութ:
Մարտի 21-ին՝ ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Ազատության պողոտայում պարեկները ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևացի 31-ամյա մի երիտասարդի: Պարեկներին նկատելով` նա ինչ-որ իր էր նետել ծառի տակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 10 գրամ ընդհանուր քաշով կպչուն ժապավենի յոթ փաթեթ և ծալովի դանակ:
Մարտի 22-ին՝ գիշերվա ժամը 2.45-ին, Կոմիտասի պողոտայում ծառայելիս պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և, «Չանգան» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 32-ամյա վարորդին ու նրա գավառցի 19-ամյա ուղևորուհուն: Ուղևորուհու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով երեք տոպրակ` լցված ընդհանուր 36 գրամ կշռող կրիստալի նմանվող նյութով:
Նույն օրն առավոտյան՝ ժամը 5.35-ին, Գրիբոյեդովի փողոցում ծառայող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 24-ամյա մի երիտասարդի, որն այդ պահին կուլ է տվել փոշենման զանգվածով պոլիէթիլենային մի տոպրակ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նման մեկ այլ տոպրակ` բյուրեղանման զանգվածով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ է, իսկ կուլ տվածը` հերոին, ու երկուսն էլ ձեռք էր բերել անձնական օգտագործման համար:
Մարտի 26-ին այս անգամ նաև իրացնելու կասկածանքով Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 35-ամյա երևանցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 27 գրամ քաշի դեղնականաչավուն զանգվածով 13 փաթեթ և մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանայի փաթեթները նախատեսված էին տարբեր վայրերում տեղադրելու համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել են քրեական վարույթներ: Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են: