Մարտի 28-ին` ժամը 20։57-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերն ու հողային զանգվածը (10 քմ) և սահմանազատել տարածքը։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները երկկողմանի փակել են ավտոճանապարհը. ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ։