Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից վեց ֆիզիկական անձանց ու երկու կազմակերպության նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի զանգվածային ոչնչացման զենքի ծրագրին աջակցելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
Վաշինգտոնը և Սեուլը պատժամիջոցներ են սահմանել նաև վեց հյուսիսկորեացու նկատմամբ, այդ թվում՝ հյուսիսկորեական Daesong Bank և Jinmyong Joint Bank բանկերի ներկայացուցիչների:
Նախօրեին ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հայտարարել են նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն է թույլ չտալ Հյուսիսային Կորեային նավթ ստանալ, այդ թվում՝ Ռուսաստանից, շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ գրում է DW-ն։
«Նավթը կարևոր ռեսուրս է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային զարգացման և նրա ռազմական հզորության համար»,- ասվում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Այդ կապակցությամբ Սեուլն ու Վաշինգտոնը մտահոգություն են հայտնել ԿԺԴՀ-ին ռուսական նավթի հնարավոր մատակարարումների առիթով։