Եվրամիության երկրները փոխզիջման են եկել Ուկրաինայի հետ առևտրի ազատականացման ժամկետը երկարաձգելու հարցում։ Բելգիայի ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության դեսպանները կարողացել են «հավասարակշռված մոտեցում գտնել Ուկրաինային աջակցելու և ԵՄ գյուղատնտեսական շուկայի պաշտպանության միջև»,- գրում է DW-ն։
Փոխզիջումային առաջարկի տեքստը նախորդից տարբերվում է նրանով, որ Ուկրաինայից մի շարք ապրանքների ներմուծման դեմ շտապ սահմանափակումներ մտցնելու համար որոշվել է օգտագործել 2021 թվականի ցուցանիշները։ Օրինակ՝ թռչնամիսը, ձուն, շաքարավազը, վարսակը, եգիպտացորենը, ձավարեղենը և մեղրը կթանկանան, եթե դրանց հոսքերը գերազանցեն վերջին երեք տարվա միջին ծավալները։
Այսպիսով` Եվրամիությունը որոշել է երկարաձգել Ուկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմը մինչև 2025 թվականի հունիս: Միաժամանակ Եվրահանձնաժողովը կարող է անհրաժեշտության դեպքում արտակարգ միջոցներ ձեռնարկել և կիրառել ցանկացած լծակ, եթե ուկրաինական ներմուծման պատճառով զգալի խափանումներ առաջանան առանձին երկրների կամ ամբողջ Եվրամիության շուկաներում։ Ըստ DW-ի, սա դուռ է բացում ազգային արգելքների համար:
Ընդհանուր առմամբ, գնահատվում է, որ այս փոփոխությունների պատճառով Կիևը կզրկվի տարեկան մոտ 330 միլիոն եվրոյից:
Դա տեղի է ունենում ամբողջ Եվրոպայում ֆերմերների բողոքի ֆոնին, որոնք իրենց ուկրաինացի գործընկերներին մեղադրել են անբարեխիղճ մրցակցության համար: Թեև ի սկզբանե ուկրաինական էժան ներկրմանը դեմ էին Արևելյան Եվրոպայի հարևան երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան, բողոքի ակցիաները աստիճանաբար տարածվել են նաև Ֆրանսիայում և ԵՄ անդամ այլ երկներում:
Գործարքը դեռ պետք է համաձայնեցվի Եվրախորհրդարանի հետ: