Փարիզի շրջանից ներգաղթյալներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Իշխանությունները վստահեցնում են, որ «դա կապված չէ Օլիմպիական խաղերի հետ», որ այդ քայլին են դիմում, քանի որ մայրաքաղաքի ժամանակավոր կացարանի կենտրոնները գերբնակեցված են: ՀԿ-ները, սակայն, խոսում են «սոցիալական զտումների» մասին: Նրանց համոզմամբ՝ իշխանությունները ցանկանում են բարելավել Փարիզի իմիջը օլիմպիական խաղերի ժամանակ՝ գրում է Euronews-ը:
Օռլեանի քաղաքապետի խոսքով՝ մեկ տարուց էլ քիչ ժամանակում շուրջ հինգ հարյուր միգրանտ է վերաբնակեցվել իր քաղաքում՝ առանց պետական ծառայությունների կողմից այդ մասին ծանուցման։
Կառավարությունը պնդում է, որ պետությունը ֆինանսավորում և Փարիզից միգրանտների տեղափոխումը կազմակերպում է ցանկացողների համար։ Նրանց առաջարկվում է տասը քաղաքի ընտրություն, դրանց թվում են նաև Մարսելը, Թուլուզը և Լիոնը: Մինչդեռ տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնում են, որ իրենք այդ մասին ոչ տեղեկություն ունեն, ոչ էլ լրացուցիչ ռեսուրսներ։