ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է 2023 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները` մասնավորապես նշելով, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է կենսաթոշակի նվազագույն չափը մինչև 2026 թվականը համապատասխանեցնել պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը` նվազագույն սպառողական զամբյուղին:
Պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը 2023 թվականին գերազանցվել է: 2023 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղը գերազանցել է 11 տոկոսով:
Հուլիսի 1-ից բարձրացել են՝ նվազագույն կենսաթոշակը՝ 36,000 ՀՀ դրամ 31,600 ՀՀ դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 ՀՀ դրամ` 1600 ՀՀ դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50,600 ՀՀ դրամ` 46,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41,400 ՀՀ դրամ` 36,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38,000 ՀՀ դրամ` 33,000 ՀՀ դրամի փոխարեն և այլն:
Նախարարի խոսքով՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության (16 մլն դրամի) ծրագրի շրջանակում սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում բազմաթիվ ընտանիքներ սկսել են կառուցել իրենց սեփական տունը: Տարեվերջի դրությամբ հաստատված հայտերի թիվը կազմել է 280, փաստացի մեկնարկել են 153 տան կառուցման աշխատանքները, մասնավորապես, Տավուշում` 152, Սյունիքում` 41, Արարատում` 34, Վայոց ձորում` 32, Գեղարքունիքում` 21:
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է շուրջ 9070 վարկ, ընդհանուր շուրջ 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով:
Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ միջին աղքատությունը շարունակել է նվազել: Մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 1,7 տոկոսային կետով, 2021 թվականի ցուցանիշը 2020 թվականի նկատմամբ՝ 0,5 տոկոսային կետով:
Նվազել է նաև ծայրահեղ աղքատությունը, մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսային կետով` կազմելով 1,2 տոկոս:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին և դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Պատգամավորներն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարևորությունը, անհրաժեշտ համարել, որպեսզի վերջինները քաղաքացիներին պարզ և մատչելի բացատրեն կայացված որոշումների պատճառները: