ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց:
Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:
Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:
Նշենք, որ կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին և դասագրքին համապատասխանության սկզբունքով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կամավոր ատեստավորման այս փուլը չհաղթահարելու դեպքում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու հանրակրթական դպրոցներում ուսուցչական հետագա գործունեություն իրականացնել՝ մինչև չապահովեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջները:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցիչների համար դեռևս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը և ապահովելով օրենքի պահանջը:
Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորումը կշարունակվի նաև մարտի 29-ին: