Իսրայելը խնդրել է Սպիտակ տանը՝ վերանշանակել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի ռազմական պլանների վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպումը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուն անսպասելիորեն չեղարկել էր՝ գրում է Reuters-ը:
Նեթանյահուն իսրայելական բարձրաստիճան պատվիրակության ծրագրված այցը Վաշինգտոն չեղարկել էր, երբ ԱՄՆ-ը երկուշաբթի՝ մարտի 25-ին, արգելափակել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևը:
Չորեքշաբթի Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան-Պիերը լրագրողներին ասել է. «Իսրայելի վարչապետի աշխատակազմը համաձայնել է վերանշանակել Ռաֆահին նվիրված հանդիպումը։ Ուստի մենք այժմ աշխատում ենք նրանց հետ՝ հարմար ամսաթիվ նշանակելու համար»:
Վաշինգտոնում իսրայելցի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, հաստատել է, որ նոր հանդիպում է կազմակերպվում, և Նեթանյահուն դիտարկում է իր պատվիրակությունը հաջորդ շաբաթ ուղարկելու հարցը: Նեթանյահուի գրասենյակից մեկնաբանություն դեռ չի եղել:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն էլ այս շաբաթ լայն քննարկումներ է անցկացրել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և փորձել է նվազեցնել լարվածությունը երկրների միջև:
Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Ռաֆահում Իսրայելի ակնկալվող հարձակման վրա, որտեղ ապաստան են գտել ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիներ: