Կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին 19 միլիոն դրամ հատկացվեց՝ Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության մարտի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Տեղահանված անձանց Կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղեր՝ հասցեագրելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները: Այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 միլիոն դրամ»,- ասաց նախարարի տեղակալը:
Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ:
«Ընդհանուր առմամբ մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա, և քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովվում է ՊՆ-ի կողմից, առաջարկվում է նաև ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ՝ աերոնավիգացիոն ծառայությունների, ավիացիոն վառելիքի և մնացյալ պրոցեսների կազմակերպման նպատակով»,- ասաց նախարարի տեղակալը:
Վարչապետը հիշեցրեց՝ հումանիտար բեռի առաքման վերաբերյալ հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հարցեր էին ծագել լոգիստիկայի հետ կապված, և հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակիչներին հասցնելու հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության անհրաժեշտությունն էր առաջացել:
«Այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև մենք չեն կարող իրադրության պատճառով բեռն ուղիղ հասցնել հենց Գազայի գոտի և հենց շահառուներին հասցնել, այդ պատճառով մենք նաև աշխատանքային մակարդակով Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ հումանիտար օգնությունը կհասնի Եգիպտոս, որտեղից այն կհասցվի Գազայի բնակչությանը: