ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ, կամա թե ակամա, անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Այդ մասին Կառավարության՝ մարտի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա թեմայի առնչությամբ հայտարարություն արեց.
«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի, որ ՀՀ-ում կա մի Կառավարություն, և այդ Կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերի որոշ շրջանակներ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն:
Էլի եմ ասում՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է պատասխան ստանա, ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այդ թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում, բացի ՀՀ-ի Կառավարությունից, որևէ այլ Կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես Կառավարություն, դա ՀՀ-ի անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են:
Ես ուզում եմ՝ այս ուղերձը հստակ լինի բոլորի համար, և սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից: Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում: Ուզում եմ՝ սա բոլորիս համար հասկանալի լինի: Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ:
Կրկին ասում եմ՝ ՀՀ-ում, բացի ՀՀ Կառավարությունից, որևէ այլ Կառավարություն չկա, չի եղել, և չի կարող լինել ընդհանրապես: Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնի, ասի՝ մենք այսինչի կառավարությունն ենք: Կներե՛ք, բայց էլի պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծը անցնում են, և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»: