«Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողի դիտարկմանը ի պատասխան, թե «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակման հարցում ակնհայտորեն արդեն ուրվագծվել է ուկրաինական հետքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
«Ոչ, սպասեք. եթե ուշադրություն եք դարձրել, ոչ ոք պաշտոնական վարկած դեռ չի հայտնել։ Ուստի պետք է սպասել: Հատուկ ծառայություններն աշխատում են հաստատելու գոյություն ունեցող վարկածները և կանգ առնելու մեկի վրա»:
BBC-ն միաժամանակ հիշեցրել է, որ երկու օր առաջ Կրոկուսի վրա հարձակումից հետո ձեռնարկված միջոցառումներին նվիրված խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը թեև ասել է, որ «հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով», բայց հետո հավելել է, որ «այդ ոճրագործությունը» կարող է լինել «2014 թվականից ի վեր մեր երկրի դեմ կռվող նեոնացիստական Կիևի ռեժիմի փորձերի մի ամբողջ շարքի մի մասը»:
Իսկ հաջորդ օրը, պատասխանելով այն հարցին, թե Կրոկուսի հարձակման հետևում կանգնած են Իսլամական պետությո՞ւնը, թե՝ Ուկրաինան, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է. «Իհարկե, Ուկրաինան»:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն երկու անգամ իր վրդովմունքն է հայտնել ահաբեկչությունը Ուկրաինային վերագրելու՝ Մոսկվայի փորձերի առնչությամբ: