Իսրայել-Լիբանան սահմանին իսրայելական բանակը և «Հեզբոլլահ» շարժումը հայտնում են փոխադարձ հարվածների մասին, կան զոհեր: ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցնում նաև Գազայի հատվածի բուժհաստատություններին: Իսրայելական կողմը պնդում է՝ հիվանդանոցներում ՀԱՄԱՍ-ի զինյալներ կան: ՑԱՀԱԼ-ը նաև տեղեկացրել է պաղեստինյան շարժման բարձրաստիճան ներկայացուցչի չեզոքացման մասին:
Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ևս պայթյուններ են լսվում՝ չնայած միջազգային հանրության կոչերին՝ ձեռնպահ մնալ Ռաֆահում ռազմական գործողություններից, որտեղ այժմ ավելի քան 1.5 միլիոն փախստական է ապաստանել: Al Jazeera-ն գրում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով Ռաֆահում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:
Վերջին տվյալով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 32400-ը, շուրջ 75000 մարդ վիրավորվել է: