Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ պատասխանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին:
«Գիտեք, մեր դիրքորոշումը հայտնի է և հետևողական, մենք կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել այս թեմայի հարցում և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։
Բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ու մեթոդներով։ Նման հարցերը, այդ թվում՝ անկլավների վերադարձն ու փոխանակումը, պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։
Մենք մեր կողմից պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ գործին՝ հաշվի առնելով Ռուսաստանի ունեցած եզակի քարտեզագրական նյութերն ու փորձաքննությունը»,- ասել է Զախարովան։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, նա նշել է.
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, խոսքն այն երթուղու մասին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ է կապելու Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։
Կա փոխզիջումների մշակման կայացած մեխանիզմ, դա Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբն է, որի վերջին՝ 2023 թվականի հունիսի 2-ի նիստում կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական երթուղիների ապաշրջափակման համալիր, փոխշահավետ որոշման ընդունմանը»:
Հիշեցնենք՝ անցած տարվա նոյեմբերին Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները:
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Զախարովայի խոսքերը, նշելով՝ ՀՀ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում հաղորդակցությունների, դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է: Ըստ պաշտոնական Երևանի՝ Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման,, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել գործընկերներին քաղաքական կամք դրսևորել՝ վերականգնելու հաստատված եռակողմ ձևաչափերի փոխգործակցությունը՝ ներառյալ եռակողմ աշխատանքային խումբը։