Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:
Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը. «Կարևորում եմ մեր խորհրդարանականների միջև անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և տեղում ծանոթանալու իրավիճակին»:
ԱԺ փոխնախագահը կարևորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:
Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:
Կողմերը կարևորել են խորհրդարանների միջև հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները և համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման:
Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը: