ԱՄՆ-ում առկա նախընտրական տրամադրությունների, ընտրական համակարգի մասին «Լուրերը» զրուցել է Raleigh Wake Citizens հասարակական կազմակերպության համակարգող Րեն Փրիջընի հետ։ Կազմակերպության առաքելությունն է ընտրական գործընթացներին քաղաքացիների մասնակցության խրախուսումը։
Պարո՛ն Փրիջըն, Միացյալ Նահանգների ընտրական համակարգն աչքի է ընկնում իր բարդությամբ։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր առանձնահատկությունները։ Ինչպե՞ս եք գնահատում ամերիկյան քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ընտրական գործընթացի և իրենց իրավունքների վերաբերյալ։
Կարծում եմ՝ անհրաժեշտ տեղեկությունը հասանելի է։ Յուրաքանչյուրը պետք է ինքը գիտակցի ընտրության կարևորությունը։ Կառավարությունը, քաղաքական գործիչները և այն կազմակերպությունները, որոնցից մեկը ես եմ ներկայացնում, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս ընտրությունների մասին դեռ 6 ամիս առաջ ենք սկսել մեր տեղեկատվական արշավը։ Ակտիվ աշխատանք ենք տարել համայնքային կառույցների, եկեղեցիների միջոցով։ Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել՝ խրախուսելով քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, այդ թվում՝ օգտագործել իրենց վաղ քվեարկության իրավունքը։ Չնայած այդ ամենին՝ ոմանք դեռ չեն գիտակցում ընտրական գործընթացի կարևորությունը։ Շատերը դա հասկանում են միայն այն ժամանակ, երբ նահանգային իշխանությունները ձեռնարկում են քայլեր, որոնց համաձայն չեն, օրինակ՝ փակում են դպրոցականներին սննդի տրամադրման ծրագիրը, չեղարկում են սոցիալական ապահովության կամ բժշկական ծրագրերը։ Այն ժամանակ զարմանում են՝ ինչու այսպես ստացվեց։ Պատասխանը հստակ է՝ քանի որ չես քվեարկել։ Իմ կարծիքով՝ եթե չես քվեարկել, ձայն չունես։
ԱՄՆ որոշ նահանգներ վերջին շրջանում ընդունել են ընտրական գործընթացի կարգավորման նոր օրենքներ, օրինակ՝ որոշ դեպքերում պահանջվելու է լուսանկար պարունակող նույնականացման քարտ։ Որոշ իրավապաշտպաններ և ընտրական գործընթացի մասնագետներ ահազանգում են, որ դա կարող է բարդացնել ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունները։
Հասկանում եմ այդ մտահոգությունները։ 4 տարի առաջ, երբ նախագահ Թրամփին չհաջողվեց վերընտրվել, նա հայտարարեց, թե ընտրությունները կեղծվել են, պնդում էր, թե որոշ քաղաքացիներ մեկից ավելի անգամ են քվեարկել և այլն։
Չենք ցանկանում, որ մարդիկ կարծեն, թե իրենց քվեն անտեսվել է։ Այդ փոփոխությունների նպատակն է շահարկումների տեղ չթողնել։ Նույնականացման քարտը ցույց տալով՝ քաղաքացու անունը մուտքագրվում է համակարգ, և ողջ երկրի տարածքում դա երևում է և բացառվում է նորից քվեարկելու հնարավորությունը։ Նախկինում նման կարգավորում չկար, և չենք կարող բացառել, որ նման խախտումներ գրանցվել են։ Այս փոփոխությունները լիարժեքորեն չեզոքացնում են ընտրախախտումների մասին հնարավոր շահարկումները։ Կարծում եմ՝ դրանք կբարելավեն ընտրական համակարգը։ Չեմ կարծում, որ դրանք ուղղված են քվեարկության գործընթացի խոչընդոտմանը։
Ինչպես եք գնահատում քաղաքացիների մասնակցությունն ընտրական գործընթացներին։ Տարիների ընթացքում ի՞նչ միտումներ եք արձանագրել։
Ես ընտրական գործընթացների հետ կապված հասարակական գործունեությունս սկսել եմ դեռ 48 տարի առաջ, երբ 22 տարեկան էի։ Այն ժամանակ քվեարկության հերթեր էին ընտրատեղամասի մուտքից մինչև փողոց։ Մարդիկ հերթ էին կանգնում, որպեսզի քվեարկեն։ Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ մարդիկ գիտակցում էին ընտրությունների կարևորությունը, ինչպես նաև քվեարկելու իրավունքը, քանի որ մինչ այդ շատերը պարզապես զրկված էին նման իրավունքից։
Կարծում եմ՝ ընտրություններն այսօր ավելի քան երբևէ կարևոր են, սակայն շատ մարդիկ դա չեն գիտակցում։ Շատերը ցանկանում են քվեարկել միայն նախագահի ընտրությանը, սակայն 4 տարին մեկ տեղի ունեցող այդ ընտրությունից բացի կան նաև շատ այլ ընտրություններ, օրինակ՝ տեղական և նահանգային իշխանությունների, դատավորների ընտրությունները, որոնք, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր են։ Հենց տեղական իշխանություններն են վերահսկում, թե ինչպես ես դու ապրում քո նահանգում, քո շրջանում։ Այդ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, սակայն, շատ ավելի ցածր է հատկապես 18-30 տարեկանների շրջանում։ Համեմատության համար նշեմ, որ 50-80 տարեկանների շրջանում մասնակցությունը կարող է երկու անգամ ավելի բարձր լինել։