Հերթական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ մեղադրել է Արևմուտքին, մասնավորապես՝ Փարիզին, իբր Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խաթարելու համար:
Նա անդրադարձել է վերջերս տարածված լուրերին, որ Ադրբեջանը ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Զախարովան խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Դաշնության պատկան գերատեսչությունները ստուգում են Կիևին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները և քննարկում խնդիրը համապատասխան երկրների հետ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Դա սկզբունքային հարց է Ռուսաստանի համար: Մենք դասակարգում ենք պետություններն ու երկրներն ըստ հետևյալ սկզբունքի՝ արդյոք նրանց գործողությունները վտա՞նգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է մատակարարումների մասին հաղորդագրությունը։ Մենք կապի մեջ ենք Բաքվի հետ»:
Մարիա Զախարովան եզրափակել է՝ «Գլխավորն այն է, որ Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ Հայաստանի հետ կապված նման հաղորդագրություններ չլինեն։ Դա պարզապես թյուրիմացություն կլինի»: