Մարտի 27-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացրել են RM-70 Vampire բազմակի արձակման հրթիռային համակարգի 18 արկ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հարձակման համար մեղադրելով Ուկրաինայի զինված ուժերին։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ խոցված արկերի բեկորներից վիրավորվել է մեկ մարդ, վնասվել մեկ բազմաբնակարան շենք և ինը մասնավոր տուն։ Փոքր վնասներ են գրանցվել նաև Տավրովո և Նիկոլսկոյե բնակավայրերում։
Գլադկովի խոսքով՝ Բելգորոդի շրջանից արդեն տարհանվել է 2800 երեխա։ Ընդհանուր առմամբ, մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում է մոտ 9000 երեխայի տեղափոխել Ռուսաստանի մյուս շրջաններ։
Ուկրաինական կողմն էլ տեղեկացրել է, որ մարտի 27-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ «Շահեդ» տիպի 13 գրոհային անօդաչու թռչող սարքերով: Անօդաչուները գործարկվել են Կուրսկի շրջանից։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Խարկովի, Սումիի և Կիևի մարզերում 10 անօդաչու թռչող սարք են խոցել, պայթյուններ են եղել նաև Նիկոլաևի և ևս հինգ շրջանում։ Այս տեղեկությունները հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։