Սահմանազատման աշխատանքներին անդրադարձել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանի խոսքով՝ քանի որ սահմանազատում իրականացնելիս կարող են մի շարք ենթակառուցվածքների հետ կապված հարցեր առաջանալ, կա հանձնարարական, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով ուսումնասիրություն իրականացնի՝ պարզելու հնարավոր խնդիրները: Դրանց գույքագրումից հետո միայն կփորձեն լուծումներ գտնել: Ամեն դեպքում, դժվար թե անլուծելի խնդիրներ արձանագրվեն, հայտարարել է նախարարը:
«Սահմանին մոտ անցնող հատվածներում կան տարբեր ենթակառուցվածքներ. կարող է լինել գյուղի ջրագիծ կամ էլեկտրահաղորդման գիծ, կամ գազատար: Հիմա պետք է հասկանանք՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացից հետո, երբ որ սահմանապահները կանգնեն, որտեղ են կանգնելու: Յուրաքանչյուրը ինչ-որ չափով հե՞տ է գնալու, իրար մո՞տ են գնալու: Այդ ինչ-որ չափն ինչքա՞ն է, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ չէ: Եթե կառաջանա չեզոք գոտի, նրա տարածքում ինչ-որ ենթակառուցվածք կհայտնվի՞, թե՞ չէ:
Կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած: Ամեն գերատեսչություն ունի իր հանձնարարականը՝ նայելու՝ երբ որ մենք՝ որպես երկու հարևան պետություններ, իրար հետ անցնենք այս պրոցեսով, ի՞նչ հարցեր կարող են առաջանալ:
Երբ որ հանձնարարվում է նայել՝ ի՛նչ խնդիրներ կան, ապա յուրաքանչյուր գերատեսչություն, երբ որ տեսնում է՝ կան խնդիրներ, մտածում է այդ խնդիրների լուծման ուղղությունները: Մենք տարբեր քննարկումներ ունենք, քանի որ մեր աշխատանքները վերջնական չեն, որոշումները վերջնական չեն, հիմա ձեզ հստակ բան չեմ կարող ասել:
Քաղաքական պրոցեսի կամ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի պրոցեսից կբխի մեր անելիքը»,- ասել է Սանոսյանը: