«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի սահմանապահների դուրսբերման հարցը որոշված է: Այդ մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահը և հավելել, որ չի կարծում, թե այդտեղ քննարկելու հարց կա: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ փորձ է արվում դա ներկայացնել միջպետական ինչ-որ համաձայնագրից դուրս գալու տրամաբանությամբ, սակայն իրականում միջգերատեսչական համաձայնության արդյունքում է որոշվել, որ ռուս սահմանապահներն օգնեն հայ սահմանապահներին ու այդ բեռը թեթևացնեն:
Անդրադառնալով նկատառումներին, թե ով է պահելու Թուրքիայի սահմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին: Ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը «մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր քարտեզներով»։
«Երբ որ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, մենք նշում ենք կոնկրետ ինչ-որ բա՞ն, թե՞ ոչ։ Սա հռետորական հարց է: Իհարկե՝ կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը Հայաստանի Հանրապետությունը գիտի, այն Տավուշի բնակիչները, որոնք ապրում են Տավուշում, գիտեն, որ այս գծից այն կողմ միշտ եղել է ՀՀ, և ՀՀ բոլոր իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունը, շատ լավ իմացել են, և մենք էլ բոլորս Վրաստան գնալիս միշտ տեսել ենք այդ ճանապարհը, այդ կտորը և նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում, ցույց էինք տալիս, ասում էինք՝ այ, տես՝ այստեղ արդեն Ադրբեջան է: Այնպես որ, խնդրում եմ, մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում»,- ասել է նա:
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման նույնիսկ չի ենթարկում, «մենք դրա մասին նույնիսկ միտք չունենք խոսելու»:
«Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով, և արդեն ակնհայտ է, որ ճիշտ է Տավուշի մասով սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով: Ես կարծում եմ, որ այս հարցում, այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»,- ասել է նա: