ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 13-ը ներառյալ։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ Կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման:
Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական
համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
-
մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
-
ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
-
դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով
դրույքաչափը.
-
այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
-
հանրային ծառայությունների համարանիշը.
-
մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
-
մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։
Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական
աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար
ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
-
անունը, ազգանունը, հայրանունը.
-
կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական
կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
-
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
-
բնակության վայրը (մարզը, համայնքը).
-
ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
-
հանրային ծառայությունների համարանիշը.
-
էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։
Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 4-ին և 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝
Տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 10) 578-455: