Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։ Նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» ցանցի բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում։
Ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին անդամության թեկնածուի կարգավիճակ առաջարկելու պատրաստակամություն հայտնի։
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի առաքելությունը. հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը զարգանա, երկրում օրենքի գերակայություն տիրի, մարդկանց իրավունքները և ժողովրդավարությունը պահպանվեն։ Զեկույցում վկայակոչվում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանի տարածքով ստեղծել տրանսպորտային կապուղիներ, որոնք պետք է լինեն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կխթանի առևտուրը, կնպաստի Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Եվրոպական միությանը առաջարկվում է սուբսիդավորել Հայաստանին հիմնական պարենային ապրանքների ներմուծումը։
Զուգահեռ ԵՄ-ն պետք է աջակցի Երևանին՝ ավելի կայուն և ծախսարդյունավետ ներքին տնտեսության զարգացման գործում։ Զեկույցում նշվում է, որ պետք է հրավիրել Հայաստանին՝ դառնալու եվրոպական էներգետիկ համայնքի անդամ, օգնել Հայաստանին արագացնել իր բարեփոխումները կանաչ էներգիայի փոխակերպման, էներգիայի ներմուծումը և աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում։