Իսրայելին սպառնում է մեկուսացում միջազգային ասպարեզում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում լայնածավալ գործողություն սկսի, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ լայնածավալ ռազմական գործողությունը ոչ միայն կվնասի Պաղեստինի ժողովրդին, կխաթարի հումանիտար օգնության մատակարարումները, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, էլ ավելի կմեկուսացնի այդ երկիրը միջազգային ասպարեզում և էլ ավելի կհեռացնի Իսրայելին այն երկրներից, որոնք երկար ժամանակ նրա գործընկերներն են եղել»,- ասել է խոսնակը։
Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո շեշտել էր, որ Իսրայելը պատրաստ է գործողություն իրականացնել Ռաֆահում, նույնիսկ՝ առանց Վաշինգտոնի աջակցության։
Politico-ն, վկայակոչելով աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է աջակցել Իսրայելի գործողություններին Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի կարևոր օբյեկտները ոչնչացնելու համար, սակայն կոչ է անում խուսափել լայնածավալ գործողությունից։