«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հույս հայտնել, որ դրան կմասնակցի նաև Վրաստանը։
«Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է: Հուսով եմ, որ նոր հանդիպումը կրկին տեղի կունենա այս տարի»,- ասել է Ջալալին։
Իրանի դեսպանը հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի՝ Թեհրանում: Ջալալին այն հաջող է որակել։ Նա հավելել է, որ այլ պետությունների միջամտությունը մեծացնում է լարվածությունը Հարավային Կովկասում:
«Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասում կարգավորմանը։ Այդ տարածաշրջանը լավագույնը ճանաչում է վեց երկիր՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրներ»,- համոզմունք է հայտնել Ջալալին։