Ռուսաստանը սկսել է նավթի ուղղակի մատակարարումները Հյուսիսային Կորեա՝ ի հեճուկս ՄԱԿ-ի պատժամիջոցների՝ գրում է Financial Times-ը:
2024 թվականի մարտին Հեռավոր Արևելքում գտնվող ռուսական Վոստոչնի նավահանգստից նավթամթերքներով առնվազն հինգ հյուսիսկորեական լցանավ է դուրս եկել՝ նշել է FT-n՝ վկայակոչելով Royal United Services Institute բրիտանական վերլուծական կենտրոնի արբանյակային լուսանկարները:
2017 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակումներ էր մտցրել Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումների նկատմամբ՝ ի պատասխան Փհենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումների: Այդ սահմանափակումներին աջակցություն էր հայտնել նաև Ռուսաստանը, սակայն, ըստ Financial Times-ի, նավթի մատակարարումները սկսվել են մարտի 7-ին ուղիղ ծովային ճանապարհով:
Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանմանը հետևող ՄԱԿ-ի խմբի նախկին համակարգող Հյու Գրիֆիթսը նշել է, որ այդ մատակարարումները մեծ հարված են պատժամիջոցների ռեժիմի վրա, որն այժմ փլուզվում է: