ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է.
«Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Գործընկեր խորհրդարանականնե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին:
Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության և անվտանգության պահպանման համար: Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր գործիք է գլոբալ հարցերում երկրների մասնակցության, արտաքին քաղաքականության ձևավորման և խաղաղ միջազգային հարաբերությունների ամրապնդման համար:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագա ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:
Ադրբեջանի հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված և հավանության արժանացած սկզբունքների վրա:
1. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
2. Ալմա-Աթայի հռչակագիրը քաղաքական հիմք է դելիմիտացիայի գործընթացի համար: Հռչակագրի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համաձայնել են, որ նրանց միջև նախկին Խորհրդային վարչական սահմանները ճանաչվեն որպես միջպետական սահմաններ:
3. Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ հաշվի առնելով տարանցիկ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների և ընդհանրապես տարածաշրջանի միջև խաղաղության, բարգավաճման և վստահության ամրապնդման համար:
Վերջում ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Սրտանց հրավիրում եմ բոլոր երիտասարդ խորհրդարանականներին մասնակցելու այդ համաժողովին և զգալու Երևանի և Հայաստանի ժողովրդի հյուրընկալությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, շնորհակալություն եմ հայտնում բոլոր պետություններին, ինչպես նաև խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:
Շնորհակալություն»: