ԱՄՆ ընտրական համակարգի առանձնահատկությունների, նախընտրական տրամադրությունների մասին «Լուրեր»-ը զրուցել է Հյուսիսային Կարոլինայում Common cause հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Անն Վեբի հետ։
- Տիկի՛ն Վեբ, որո՞նք են ձեր կազմակերպության առաջնահերթությունները։
Մեր կազմակերպությունը գրասենյակներ ունի երկրի ամբողջ տարածքում։ Մենք կապված չենք որևէ կուսակցության հետ, և մեր նպատակն է նպաստել քվեարկության հասանելիությանը, ինչպես նաև աջակցել նահանգային օրենդիրներին՝ լավարկելու ընտրական օրենսդրությունը։ Ես լոբբիստ եմ և երկու կուսակցությունների հետ էլ աշխատում եմ։
Ցավոք, որոշ նահանգներում կան այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք խոչընդոտներ են ստեղծում ընտրական գործընթացներում։ Մեր խնդիրն է, որ նման նախաձեռնությունները չհաստատվեն, կամ առնվազն դրանց ազդեցությունը հնարավորինս նվազեցվի։
- Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք հուզում են ԱՄՆ-ում ընտրական գործընթացներով զբաղվող հասարակական կազմակերպություններին։
- Մեզ անհանգստացնում է այն, որ Միացյալ Նահանգներում շարունակվում է տարածվել այն մեծ կեղծիքը, թե ընտրություններն ազատ և անվտանգ չեն։ Դա իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ընտրական գործընթացը բավական լավ է կազմակերպված, գործում են ընտրական խորհուրդները, բոլոր կուսակցություններն ունեն դիտորդներ, որոնք հետևում են, որ ընտրություններն արդար ընթանան։ Մեր նպատակներից է, որ քաղաքացիները պատկերացնեն, թե ինչու են մեր ընտրությունները վստահելի և ինչու պետք է հավատալ դրանց արդյունքներին։
Մեզ համար մտահոգիչ է նաև այն, որ որոշ նահանգներում կան նախաձեռնություններ, որոնք բարդացնում են քվեարկությունը։ Այս տարի, օրինակ, Հյուսիսային Կարոլինայում քվեարկողներից պահանջվում է լուսանկար պարունակող նույնականացման քարտ։ Որոշ ընտրողներ չգիտեն՝ ինչպես վարվել, քանի որ ոչ բոլորը նման փաստաթուղթ ունեն։ Կարծում ենք՝ դա հավելյալ խոչընդոտ է, որը որոշ ընտրողների հետ կպահի քվեարկությանը մասնակցելուց։ ՄԵզ մոտ այդ քարտի տրամադրումն անվճար է, այնուամենայնիվ, դա հավելյալ ջանք է պահանջում։
- Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ում քաղաքական բևեռացման խնդիրը։
- Բնակչության շրջանում տեսնում ենք բևեռացման միտումներ։ Կարծում եմ՝ սա ԱՄՆ-ում շարունակվում է արդեն տարիներ։ Այդ առումով կարևոր է այն հանգամանքը, թե որտեղից ենք մենք տեղեկատվություն ստանում։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն աշխատում են այնպես, որ օգտատերը ստանում է այն տեղեկատվությունը, որը նրա համար ընդունելի է, և ոչ թե այն, ինչը դեմ է իր մոտեցումներին։
2020 թվականին տարածվեց կեղծիք, թե, իբր, Դոնալդ Թրամփը հաղթել է, սակայն եղել են մեծ թվով ընտրակեղծիքներ, ու նրա հաղթանակը գողացել են։ Դա կեղծիք է։ Մեծ թվով դատարաններ հաստատել են, որ նման բան չի եղել, ընդ որում՝ դատավորները նշանակվել էին ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից։
Նման կեղծիքները խաթարում են հավատը ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ։ Դա մեծ մարտահրավեր է նաև ընտրողների հետ աշխատող ՀԿ-ների համար, որոնք փորձում են խրախուսել նրանց մասնակցությունը։
Հարցումները ցույց են տալիս, որ մեր նահանգում՝ Հյուսիսային Կարոլինայում, ընտրողների ճնշող մեծամասնությունը հավատում է ընտրական գործընթացների անկախությանը, և թերահավատները փոքրամասնություն են կազմում։ Հանրության ցանկացած ներկայացուցիչ մի շարք հնարավորություններ ունի հետևելու ընտրությունների ընթացքին՝ համոզվելու, որ դրանք ազատ և արդար են։
- Տիկին Վեդբ, մասնակցության ի՞նչ մակարդակ է գրանցվում ԱՄՆ ընտրական գործընթացներում։
- Դա կախված է ընտրություններից։ Նախագահի ընտրության դեպքում մասնակցությունը աճ է գրանցում, իսկ տեղական ընտրությունների դեպքում՝ նվազում։ Նախագահի ընտրության դեպքում էլ ամեն բան կախված է մրցակցության մակարդակից և թեկնածուներից։
2020 թվականին մենք ունեցանք գրանցված ընտրողների շուրջ 75 տոկոսի մասնակցություն, ինչը հրաշալի ցուցանիշ է ԱՄՆ-ի համար։ Այս տարի դեռ չգիտենք ինչ պատկեր ակնկալել, չգիտենք՝ ինչպես կվարվեն ընտրողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք այնքան էլ ոգևորված չեն Թրամփ-Բայդեն ընտրությունից։ Դա, սակայն, դեռ չի նշանակում, որ մասնակցությունը ցածր կլինի, քանի որ երկրի ապագայով մտահոգված քաղաքացիների թիվը ևս փոքր չէ։
- Ի՞նչ գործիքներով է ձեր կազմակերպությունը փորձում մեծացնել վստահությունն ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ։
- Նախևառաջ փորձում ենք քաղաքացիներին բացատրել, թե ինչպես է աշխատում ընտրական համակարգը։ Օրինակ՝ ոչ բոլորը գիտեն, որ ընտրության օրը հրապարակվող արդյունքները խիստ նախնական են, վերջնական արդյունքները հրապարակվում են քվեարկությունից հետո 10-20 օր տևող ձայների հաշվարկի գործընթացից հետո։ Այս և այլ հարցեր փորձում ենք բացատրել բնակչությանը, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով։
Այսօր կիբեռհարձակումների միջոցով ԱՄՆ-ում քվեարկության արդյունքների վրա ազդել պարզապես հնարավոր չէ, քանի որ համակարգը միացված չէ համացանցին։ Ուստի մեր գլխավոր մարտահրավերը ընտրությունների հետ կապված ապատեղեկատվությունն է, և դրա դեմ պայքարի ոլորտում մեծ աշխատանք ենք տանում։ Ցավոք, կան խմբեր, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում ընտրական համակարգի վերաբերյալ, ոմանք անգամ վճարվում են դրա դիմաց։
- Նշեցիք, որ աշխատում ենք նաև ընտրական օրենսդրության լավարկման ուղղությամբ։ Արդյո՞ք Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները բաց են նման համագործակցության համար։
- Այս հարցում ևս բախվում ենք բևեռացման խնդրին։ Կարողացել ենք հասնել փոխընդունելի լուծումների մի շարք առանցքային հարցերի շուրջ, սակայն դա բավական բարդ է։
ԱՄՆ ընտրական համակարգն ունի մի շարք առանձնահատկություններ։ Շատ նահանգներում ընտրողները պետք է մի շարք սահմանված քայլեր կատարեն՝ ընտրացուցակներում իրենց անուններն ավելացնելու համար։ Շատերի համար դա խնդիր է։ Բացի դրանից՝ Միացյալ Նահանգներում քվեարկության օրն աշխատանքային է՝ ի տարբերություն շատ այլ երկրների։ Այսինքն՝ այդ օրը քվեարկողները պետք է փորձեն ժամանակ գտնել ընտրատեղամաս գնալու համար, ինչը հավելյալ ճնշում է քվեարկողների համար։ Համոզված ենք, որ դա շատերին հետ է պահում քվեարկելուց։
- Որո՞նք են ԱՄՆ քաղաքացիներին հուզող գլխավոր հարցերն այս ընտրության շրջանակում։
- Մեր կազմակերպությունը աշխատում է մեծ թվով քաղաքներում և այնտեղ քաղաքացիների համար արտահայտվելու հարթակներ ենք ստեղծել։ Նրանց կողմից բարձրացվող առաջնահերթ հարցերը վերաբերում են աշխատատեղերին, տնտեսությանը, կրթությանը, բնապահպանական խնդիրներին։ Որոշ դեպքերում կարևոր դերակատարում են ունենում նաև տեղական մակարդակի տարբեր նախաձեռնություններ։ Կուսակցություններն իրենց հերթին բարձրացնում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան և անվտանգությունը։
Շատ բան կախված է նահանգի առանձնահատկություններից, բնակչության կազմից։ Շատ դեպքերում գերիշխող է հենց ներքին օրակարգը։