Չճանաչված Մերձդնեստրը մտադիր չէ դիմել Մոսկվային՝ ՌԴ կազմում ընդգրկվելու խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է չճանաչված հանրապետության ԱԳՆ ղեկավար Վիտալի Իգնատևը: Հակառակ պնդումները նա ապատեղեկատվություն է որակել:
Նրա խոսքով՝ ավելի վաղ տեղի ունեցած բոլոր մակարդակների պատգամավորների համագումարի նպատակն էր հարևան երկրների ուշադրությունը հրավիրել Քիշնևի և Տիրասպոլի հարաբերությունների սրման վրա՝ բանակցություններում լճացման ֆոնին:
Պատգամավորները կառավարությանը խորհուրդ են տվել օգնության համար դիմել միջազգային հանրությանը, ինչպես նաև Ռուսաստանին, որը ԵԱՀԿ-ի և Ուկրաինայի հետ հանդես է գալիս որպես միջնորդ «հինգ գումարած երկու» բանակցային ձևաչափում:
Նա հիշեցրել է, որ 2006 թվականին Մերձդնեստրում հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ քաղաքացիները հանդես են եկել Մոլդովայից անկախանալու և հետագայում Ռուսաստանին ազատ միանալու օգտին: