Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կայուն փոխգործակցության համար և բարձր գնահատել նախագծերի վերանայման շրջանակներում ձևավորված կառուցողական երկխոսությունը։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են 2023 թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել և իրացվել են նախագծերում։ Նախագիծը լրամշակվել է քաղաքացիական հասարակության հետ համընդգրկուն քննարկումների արդյունքում՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։
Անդրադառնալով կարծիքում ներառված որոշ հիմնահարցերին՝ կողմերը քննարկել են գործող կարգավորումներն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես անդրադարձ է կատարվել ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող անձանց ու կազմակերպությունների շրջանակի ընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներին գումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլ բաղադրիչների։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը՝ ձևավորված արդյունավետ համագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքն ու դրա արդյունքները մանրամասն քննարկելու համար։
Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու կարծիքում ներկայացված սկզբունքային առաջարկների շուրջ երկխոսությունը։
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամներ Օլիվեր Կասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով խորհրդական Համաձիրիպի Մունիքվան։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։