ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2024 թվականի մարտի 21-ին Երևանի քաղաքի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացուց օդաճնշիչ ատրճանակով ավազակություն կատարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նշված օրը՝ ժամը 11:26-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։
ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նրանից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը, ով 25-ամյա երիտասարդ է։
Մասնավորապես պարզվել է, որ վերջինս 2024 թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, սիրահարների այգում ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։
Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Վերջինս փախուստի ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։
Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: