Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները:
Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
«Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով։ Այս ոլորտում համագործակցությունը թույլ կտա մեզ փոխանակվել տվյալ ոլորտում ունեցած ձեռքբերումներով և դրական փորձով՝ ապահովելով արտադրված արտադրանքի բարձր որակ և հուսալիություն», - նշել է Աշխեն Շիրվանյանը։
Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 ռուսական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց արտադրանքը։