Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ՝ չնայած այն հանգամանքին, որ հանցագործության համար մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա:
Խոսնակը Ուկրաինային ուղղված մեղադրանքի առնչությամբ նշել է, որ չկա որևէ ապացույց, որը կվկայի վերջինիս մասնակցությունն այդ հարձակման մեջ։ ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Մոսկվային նաև կոչ է արել չօգտագործել ահաբեկչությունը որպես պատրվակ Ուկրաինայում ռազմական գործողություններն ակտիվացնելու համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ նշել է, որ բոլոր նշանները ցույց են տալիս, որ Իսլամական պետությունն է հարձակում իրականացրել Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահի վրա: Ելիսեյան պալատի ղեկավարը Ռուսաստանի կողմից Ուկրաինային մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ է որակել: Նա նշել է, որ հանցագործներն իսլամիստական խմբավորման անդամ են, իսկ կազմակերպությունը կանգնած է վերջին մի քանի ամսվա ընթացքում Ֆրանսիայի վրա հարձակվելու ձախողված փորձերի հետևում:
Ֆրանսիան առաջարկել է ընդլայնել համագործակցությունը ռուսական հետախուզական ծառայությունների հետ համերգասրահում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Իսլամական պետության» հնարավոր ներգրավվածության մասին վարկածները, կոչ արել Կրոկուս սիթի հոլում ահաբեկչության թեմայով կենտրոնանալ հետաքննության և իրավապահների տվյալների վրա: Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին:
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հետ կապված արևմտյան երկրների հետ շփումներ չկան, հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: