ԱՄՆ ընտրական համակարգի, նախագահի ընտրության մասին «Լուրերը» զրուցել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Դևվիդ Բարքերի հետ, որն ուսումնասիրում է ԱՄՆ ընտրությունները և քարոզարշավները։
Պարո՛ն Բարքեր, ի՞նչ մարտահրավերներ կարող եք առանձնացնել 2024 թվականի նախագահի ընտրության համատեքստում։
Գլխավոր մարտահրավերը, որին բախվում է մեր ընտրական համակարգը, բևեռացումն է դեմոկրատների և հանրապետականների միջև։ Դա դրսևորվում է ոչ այնքան քաղաքական հարթությունում, որքան սոցիալ-կենցաղային։ Այս ծայրահեղ բևեռացումը գեներացնում է փոխադարձ ատելություն և պարունակում է անգամ բռնության վտանգ։ Սա մեծ մարտահրավեր է մեր համակարգի համար։
Այս ամենի հետևանք էր նաև 2020 թվականին պարտված թեկնածուի (խմբ․- Դոնալդ Թրամփի) կողմից իր պարտությունը չընդունելը։ Մինչ այդ, ԱՄՆ պատմության մեջ բոլոր պարտված թեկնածուներն ընդունել են իրենց պարտությունը։
- ԱՄՆ ընտրական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ նախագահ կարող է դառնալ այն թեկնածուն, որը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը, սակայն ունի ընտրիչների կոլեգիայի մեծամասնության աջակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նման համակարգը ժողովրդավարության տեսանկյունից։
Այո, դա պայմանավորված է մեր ընտրական համակարգի առանձնահատկությամբ և ընտրիչների կոլեգիայի ինստիտուտով։ Այն մշակվել և ներդրվել է 1791 թվականին, ինչը պայմանավորված էր երկու գործոնով։ Նախ՝ այն ժամանակ բավական բարդ էր կազմակերպել ընտրություններ ողջ երկրի տարածքով, ուստի նախագահի անուղղակի ընտրությունն ավելի նպատակահարմար էր։ Մյուս պատճառն էլ այն է, որ հիմնադիր հայրերը ցանկանում էին հեռանալ միապետական կարգերից, սակայն դեռ բավարար հավատ չունեին քաղաքացիների նկատմամբ։ Ուստի ընտրվեց միջանկյալ տարբերակ՝ ընտրիչների կոլեգիան։ Տեխնիկապես ԱՄՆ քաղաքացիները նախագահ չեն ընտրում, դա անում է ընտրիչների կոլեգիան։
ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ունի հստակ թվով ընտրիչներ, ինչը կախված է բնակչության թվից։ Շատ նահանգներում գործում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը։ Եթե թեկնածուն որևէ նահանգում ստանում է ձայների մեծամասնությունը, ապա նրան է անցնում ընտրիչների կոլեգիայում տվյալ նահանգի բոլոր տեղերը։
Հաշվի առնելով, որ նահանգների բնակչությունը և ընտրիչների թվերը տարբեր են, կարող են լինել իրավիճակներ, երբ թեկնածուն հաղթի՝ ստանալով ընտրիչների մեծամասնության ձայները, սակայն գործնականում չունենա ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Նման վերջին դեպքը գրանցվել է 2016 թվականին։
Սա մեր համակարգի մյուս թերությունն է, որը լուծում չունի։
Համակարգը փոխելու համար պետք է նախաձեռնել սահմանադրական փոփոխություն, ինչի համար անհրաժեշտ է Սենատի և Ներկայացուցիչների պալատի 2/3-ի համաձայնությունը։ Այնուհետև այն պետք է հաստատվի նահանգների կողմից։ Անհրաժեշտ է նահանգների 75 տոկոսի համաձայնությունը։ Փաստացի որոշ նահանգներ պետք է կողմ քվեարկեն իրենց ընտրական շահերին հակասող օրենսդրությանը, ինչը, բնականաբար, իրատեսական չէ։
Ի՞նչ դերակատարում ունի ամերիկյան մեդիան ընտրական գործընթացներում։
Ընդհանուր առմամբ, մեդիան նվազագույն ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա։ Երկկուսակցական համակարգը շատ ուժեղ է։ Բնակչության 80 տոկոսը դեմոկրատ կամ հանրապետական է։ Նրանց մեծ մասը քվեարկում է ըստ կուսակցական պատկանելության՝ անկախ թեկնածուից, անկախ ընտրարշավից և անկախ նրանից, թե ինչ է ասում մեդիան։ Երկու կուսակցությունները գրեթե հավասար ընտրազանգված ունեն։ Բացի այդ, բավական ակտիվ են նաև կուսակցությունների հետ փոխկապակցված լրատվականները։
Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի թեկնածությունը շատ ԱՄՆ քաղաքացիներ խնդրահարույց են համարում։ Ինչպե՞ս դա կազդի ընտրության արդյունքների վրա։
Ունենք հետաքրքիր իրավիճակ։ Մի կողմից կան մարդիկ, որոնք աջակցում են հանրապետականներին, բայց ոչ Թրամփին, և կան մարդիկ, որոնք աջակցում են դեմոկրատներին, բայց ոչ Բայդենին։ Պատմականորեն, սակայն, երբ գալիս է քվեարկության օրը, այդ մարդկանց մեծ մասը քվեարկում է ըստ կուսակցական պատկանելության։ Հանրապետականների մոտ 30 տոկոսը չի սիրում Թրամփին, սակայն նրանց 2/3-ը ընտրությանը կքվեարկի նրա օգտին, իսկ մնացածը պարզապես չի գնա քվեարկության։ Նման պատկեր է նաև դեմոկրատների դեպքում․ 20-25 տոկոսը բավարարված է Բայդենի աշխատանքով, սակայն ընտրության օրը նրանց մեծ մասը կքվեարկի հենց նրա օգտին, իսկ մի մասն էլ չի գնա քվեարկության։ Եթե մեծ թվով դժգոհ դեմոկրատներ չգնան քվեարկության, իսկ Թրամփին հաջողվի մոտիվացնել հանրապետականներին գնալ քվեարկության, հնարավոր է՝ նա հաղթի։
Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել Թրամփի հաղթանակի դեպքում։
Բավական բարդ է կանխատեսել նրա գործողությունները։ Օրինակ՝ բավական իրատեսական է բյուրոկրատիայի քաղաքականացումը, ինչի մասին նա հայտարարել է։ Մենք ունենք բավական մեծ բյուրոկրատիա՝ հարյուրհազարավոր մարդիկ աշխատում են ամենատարբեր դեպարտամենտներում և գերատեսչություններում։ Նրանք հանրային ծառայողներ և չեն նշանակվել կուսակցական պատկանելությամբ պայմանավորված։ Վարչակազմերը գալիս են և գնում, սակայն նրանք մնում են։ ԱՄՆ քաղաքական ավանդույթի համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը՝ նախագահը, նրանց ձեռք չի տվել։ Թրամփը սակայն հայտարարել է, որ պատրաստվում է նրանց բոլորին աշխատանքից ազատել և գործադիրում կատարել միմիայն քաղաքական նշանակումներ։ Այսինքն՝ հանրային ծառայությունը, բյուրոկրատիան կդառնան նրան լիովին ենթակա։ Նույնը նա պատրաստվում է անել նաև պաշտպանության և արդարադատության ոլորտներում։ Եթե նա հաջողի, դա կլինի լուրջ հետընթաց մեր ժողովրդավարական իդեալներից։
Թրամփը Հանրապետական կուսակցությունը տանում է լիովին այլ ուղղությամբ։ Նա «մեկուսացման քաղաքականության» կողմնակից է, որը նման է Առաջին աշխարհամարտից առաջ քաղաքականությանը, երբ շատերը դեմ էին, որ ԱՄՆ-ն ներգրավվի միջազգային տարբեր խնդիրներում։
Հանրապետական կուսակցությունը Պուտինին թշնամի չի համարում։ Եթե Թրամփը վերընտրվի, Ուկրաինային օգնությունը կդադարի։ Ամերիկացիները սովորություն ունեն հոգնել արտաքին քաղաքականության վրա գումար ծախսելուց, երբ չեն տեսնում դրա անմիջական և ուղղակի ազդեցությունն իրենց կյանքի վրա։
Կարծում եմ՝ Թրամփի վերընտրման դեպքում ԱՄՆ-ն ավելի քիչ դերակատարում կունենա որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ, ինչը ևս բացասական հետևանքներ կունենա։
Պրոֆեսոր, Ձեր կարծիքով՝ ո՞վ կհաղթի։
Կարծում եմ՝ կհաղթի Ջո Բայդենը։ Դա լիովին հնարավոր է։ Ակնկալվում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին տնտեսական ցուցանիշները կբարելավվեն, և նրա դիրքերը կամրապնդվեն 5-6 տոկոսով, և Բայդենը Թրամփից առաջ կանցնի 2-3 տոկոսային կետով։
Այս ընտրության շրջանում ո՞ր թեմաները և խնդիրներն են առավել կարևոր ԱՄՆ ընտրողների համար։
Թերևս ամենակարևոր թեմաներից է միգրացիան։ Այն ակտիվորեն օգտագործվում է հանրապետականների կողմից, ինչը թուլացնում Բայդենի դիրքերը։
Մյուս կարևոր թեման, իհարկե, տնտեսությունն է և, մասնավորապես, գնաճը։ Համավարակի պատճառով այն բավական բարձր էր, այժմ գները նվազում են, սակայն քաղաքացիների ակնկալիքներն ավելին են, ինչը խնդիր է։ Գնաճի տեմպերի դանդաղումը կամրապնդի Բայդենի դիրքերը։
Շատերի համար կարևոր է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ 2022 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը չի նախատեսում հղիության արհեստական ընդհատման իրավունք՝ չեղյալ համարելով հղիության արհեստական ընդհատման դաշնային օրինականացումը և այդ հարցի կարգավորումը փոխանցելով նահանգներին:
Այս հարցը մեծ թվով երիտասարդ կանանց մոտիվացնում է ավելի ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմը ամերիկացի ընտրողների առաջնահերթությունների թվում չէ։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ավելի կարևոր է նրանց համար, հատկապես այն նահանգներում, որտեղ մուսուլման բնակչության թիվը փոքր չէ։ Այս հարցի հետ կապված պառակտում կա նաև Դեմոկրատական կուսակցության ներսում․ դեմոկրատների ավագ սերունդն աջակցում է Իսրայելին, իսկ երիտասարների համար ավելի ընդունելի են պաղեստինյան մոտեցումները։ Դա ստեղծել է բարդ իրավիճակ Բայդենի համար։