Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ դեմ, սրտանց շնորհավորել գործընկերոջս՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով: Վստահ եմ, որ պարոն Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում:
Գիտեք, որ ս.թ. հունվարի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:
Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունեն ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունություն և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից:
Ինչպես գիտեք, նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև՝ Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին:
Այսօրվա հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները:
Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ արդեն իսկ հայտնի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն: Վերջինի կապակցությամբ կարծում ենք, որ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին:
Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Ամփոփելով՝ ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում նոր հորիզոններ բացելու համար:
Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ Երևանում և շնորհակալություն եմ հայտնում այսօրվա արդյունավետ քննարկումների համար»:
Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:
Վարչապետի պաշտոնում իմ նշանակումից ի վեր՝ ես առաջին հերթին շատ վաղ այցելել եմ Հայաստանի Հանրապետություն: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, բարեկամության համար: Պետք է ասեմ նաև, որ մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ունեցել, ստորագրել ենք Համագործակցության հռչակագիր և էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացրել մեր հարաբերությունները: Նպատակն է՝ խորացնել համագործակցությունը, աջակցել խաղաղությանն ու կայունությանը, և այս հռչակագիրը հիմնված է մեր ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգերի վրա, արտահայտում է մեր աջակցությունն այդ արժեքներին: Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունը իմ գործընկեր՝ վարչապետ պարոն Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն: Ես ևս առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և կիսում եմ իմ գործընկերոջ կարծիքն առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Մենք, իհարկե, խոսեցինք տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ տարբեր ձևաչափերով: Քաղաքականության մակարդակով՝ տրանսպորտ, էկոնոմիկա, զբոսաշրջություն, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերությունն էլ ավելի կխորացվի, էլ ավելի կզարգանա, դա շատ կարևոր է:
Մենք նաև խոսել ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանի առկա մարտահրավերների դեմ: Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում, և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի: Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում:
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար, և ուրախ եմ Ձեզ Վրաստան հրավիրելու առիթի համար: Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ:
Մենք բարձր մակարդակի երկկողմ այցեր ենք ունենում, սա շատ կարևոր է, և պետք է այս մոտեցումը, միտումը պահպանենք՝ ի նպաստ մեր գործընկերության բարձր մակարդակի ամրապնդման: Մեր նպատակն է զարգացնել և ամրապնդել մեր երկրները, մեր երկրների միջև համագործակցությունը, և այդ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալություն»: