ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը մերժել է 700 պաղեստինցի գերուն 40 իսրայելցի պատանդի հետ փոխանակելու առաջարկը:
«Ոչ մի փոխանակում իսրայելական պատերազմի և Գազայի պաշարման պայմաններում»,- երկուշաբթի իրանական ԶԼՄ-ները մեջբերել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքը, որը ցանկացել է անանուն մնալ:
«Մենք արդեն բացատրել ենք մեր դիրքորոշումը և դրանից հետ չենք կանգնի»,- հայտարարել է արմատական խմբավորման ներկայացուցիչը:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ գերիներին ու պատանդներին փոխանակելու ԱՄՆ առաջարկին և սպասում է խմբավորման պատասխանին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այն ենթադրում է մոտ 700 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակում, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիների սպանության համար 100 ցմահ ազատազրկվածի՝ 40 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։
Միևնույն ժամանակ, CNN-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ չլուծված խնդիրները պահպանվում են, ներառյալ օգնության մատակարարումներն ու «Գազայում իսրայելական զորքերի վերադասավորումը»:
Իր հերթին, Almayadeen հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը հրաժարվում է նույնիսկ տեղահանվածների աստիճանական վերադարձի և հարյուր հազարավոր տեղահանվածներին տեղավորելու համար նոր ճամբարների ստեղծման առաջարկներից։