Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նա մտահոգությունն է հայտնել Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրում իսրայելական բանակի գործողությունների կապակցությամբ և վերահաստատել, որ Փարիզը դեմ է Ռաֆահում իրականացվող ռազմական գործողությանը, հայտնում են Ելիսեյան պալատից:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ բնակչության բռնի տեղափոխումը, միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմական հանցագործություն է, և որ Գազայի ապագան կարող է որոշվել միայն ապագա Պաղեստին պետության շրջանակում՝ Պաղեստինի Ինքնավարության պատասխանատվության ներքո:
Մակրոնը կոչ է արել խուսափել մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին իրավիճակի վատթարացումից, նաև ընդգծել է Երուսաղեմի սուրբ վայրերի պատմական ստատուս քվոյի պահպանման կարևորությունը։