Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակումից հետո Ռուսաստանին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման զոհը: «Այդ խմբավորումը նաև փորձել է մի քանի գործողություն կատարել մեր տարածքում: Ֆրանսիայի իրավապահ մարմինները գրեթե ամեն ամիս կանխում են երկրում ահաբեկչությունների փորձերը»,- ասել է Մակրոնը լրագրողներին՝ Գայանա կատարած այցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ «պետք է որքան հնարավոր է շուտ գտնել ահաբեկչության պատասխանատուներին» և արդյունավետ պայքարել այդ չարիքի դեմ։ Այդ նպատակով «Ֆրանսիան ընդլայնված համագործակցություն է առաջարկել ռուսական հետախուզական ծառայություններին»,- հավելել է Մակրոնը:
Ֆրանսիայի կառավարությունը երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է ամենաբարձրի՝ կապված Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին էլ հայտարարել է վարչապետ Գաբրիել Ատալը։