ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը և վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:
Հայաստանի խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ:
«Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներն անցել են կառուցողական և գործընկերային մթնոլորտում: