Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի իրավիճակ էր երկրի ներսում: Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, և պարզ չէր, թե ինչ զարգացումներ և ինչ հեռանկար կարող էր լինել: Ի պատիվ մեր ուժային կառույցների` ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի, այդ խնդիրը լիկվիդացվեց: Բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս, պարոն Աբազյան, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա. նախորդ օրվա դեպքին անդրադառնալով` ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել: «Թաքնված զենք չի կարող լինել, որովհետև հին ասացվածք կա` պատից կախված հրացանը մի օր կրակում է: Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ և մենք պետք է ամուր զգանք մեր երկրի ներսում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը` նշելով, որ ուժային կառույցների հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսևորումներն օր առաջ բնում խեղդելուն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է հաշվետու տարում կառույցի իրականացրած աշխատանքները: Զեկուցողի խոսքով՝ ԱԱԾ-ն շարունակել է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Մասնավորապես, 2023 թվականին շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահմանապահ ուղեկալներ և պարետատներ: Սարքավորումներով հագեցվել և կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր, իրականացվել են ամրացման, տեխնիկական հագեցման և կահավորման այլ աշխատանքներ: Մի շարք հատվածներում տեսահսկման համակարգերը համալրվել են ստացիոնար տեսադիտարկման սարքերով և այլ տեխնիկական միջոցներով, աշխատանքներ են տարվել կապի լավարկման ուղղությամբ:
2023 թվականի ընթացքում ՀՀ պետական սահմանի «Գյումրի», «Բավրա» «Գոգավան» և «Զվարթնոց» անցման կետերում իրականացվել են տեխնիկական վերազինման մի շարք աշխատանքներ:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով սահմանային հսկողության գործընթացի ներդրման շրջանակներում արդիականացվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը:
Գործարկվել է նույնականացման քարտերով Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների սահմանահատման ձևակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է «Սահմանապահ զորքերի կառավարում» ցիկլը (մասնագիտությունը), որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները:
Սահմանապահ զորքերում 2022 թվականի համեմատ կին զինծառայողների թիվը ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021 թվականի համեմատ` շուրջ 20 տոկոսով:
2023 թվականին ԱԱԾ-ում մեկնարկել է ատեստավորման գործընթացը, որն իրականացվել է փուլային սկզբունքով: Ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների շուրջ 20 տոկոսը: Ատեստավորված անձնակազմի աշխատավարձն ավելացել է միջինը 57 տոկոսով: 2023 թվականին որոշում է կայացվել ՀՀ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների համար սահմանել բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում` նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձագանքման գործընթացի համակարգման ուղղությամբ: Կանխվել են ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձեր:
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվել է 14 խոշոր դեպք:
Քննարկման մի մասն ընթացել է փակ ձևաչափով: Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել զեկույցը: Նիստը տեղի է ունեցել մարտի 25-ին: