Հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումները ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի՝ իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները:
Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց վարչապետը և թվարկեց այդ սկզբունքները:
Անդրադառնալով տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ վարչապետը նկատեց. «Կարծում ենք, որ ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը:
Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ընդգծեց, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում «նոր հորիզոններ» բացելու համար: