Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել էր «Պիկնիկ» խմբի համերգին։
Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսինները զոհվել են ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum գործակալությունը:
«Ցավոք, Լիլիթն ու Վուգարը զոհվել են։ Մեզ հենց նոր ասացին Լիլիթի մասին։ Մեզ համար հիմա շատ դժվար է»,- պատմել է ընտանիքը:
33-ամյա Լիլիթ Իսրայելյանը և ամուսինը՝ Վուգար Հուսեյնովը, վաղուց էին երազում խմբի համերգին ներկա գտնվելու մասին:
Այդ օրը նրանք ընտանիքի անդամներին զգուշացրել են, որ մի քանի ժամով անհասանելի են լինելու, որպեսզի ոչ ոք իրենց չանհանգստացնի:
«Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին առաջին հաղորդումներից հետո ամուսինները դադարել էին պատասխանել հեռախոսազանգերին։
Մարտի 23-ի առավոտյան հրապարակված զոհերի ցուցակում հարազատները տեսել են Վուգարի անունը, Լիլիթը համարվել է անհետ կորած։
Հիշեցնենք՝ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 180-ի: