Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը:
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):
Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:
Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: