ԱՄՆ ընտրական համակարգի, նախընտրական զարգացումների մասին «Լուրերը» զրուցել է Դեյվիդ Բեքերի հետ, որն Ընտրական նորարարության և հետազոտությունների կենտրոնի հիմնադիրը և ղեկավարն է: Այդ հասարակական կազմակերպությունն աշխատում է ԱՄՆ ընտրական համակարգի նկատմամաբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ:
- Պարո՛ն Բեքեր, ի՞նչ առանձնահատկություններ ունի ԱՄՆ ընտրական համակարգը:
- ԱՄՆ ընտրական համակարգի թերևս ամենաառանցքային տարբերությունն այլ երկրների համակարգերից նրա ապակենտրոնացված բնույթն է։ Մենք չունենք անկախ ազգային կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Համապետական մակարդակով ցանկացած ընտրություն իրականում իրենից ներկայացնում է ոչ թե մեկ, այլ ամբողջ երկրով անցկացվող հազարավոր ընտրություններ՝ տարբեր ընտրակարգերով, քվեարկության ձևով և այլն։
ԱՄՆ նահանգները կազմված են շրջաններից, և յուրաքանչյուր շրջան ունի իր ընտրական հանձնաժողովը։ Օրինակ՝ Տեխաս նահանգն ունի 254 շրջան, և դրանցից յուրաքաչնյուրն ունի իր հանձնաժողովը, Ջորջիա նահանգի դեպքում շրջանները 159 են, կա նաև նույնքան հանձնաժողով։ Որոշ նահանգներում գործընթացն էլ ավելի ապակենտրոնացված է, և կարող են գործել շուրջ 2000 ընտրական հանձնաժողովներ:
ԱՄՆ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները շատ բարդ են ու երկար։ Աշխարհի շատ երկրներում դրանք պարզ են և պարունակում են ընտրություն, օրինակ, թե ով ղեկավարի երկիրը։ Ամերիկյան քվեաթերթիկները կազմված են շատ էջերից, և ընտրողները պետք է քվեարկեն ամենատարբեր պաշտոնների համար պայքարող թեկնածուների օգտին։ Օրինակ՝ նախագահի պաշտոնի, Սենատի, Կոնգրեսի անդամության, նահանգապետի, նահանգային և շրջանային, քաղաքային տարբեր պաշտոնների համար, դատավորների տեղերի, անգամ աղբահանության հարցերով զբաղվող խորհուրդների անդամության համար: Որոշ դեպքերում քվեաթերթիկի ծավալը կարող է կազմել 10 էջ։ Ընդ որում՝ նահանգից նահանգ այդ քվեաթերթիկը տարբերվում է:
ԱՄՆ ընտրական համակարգի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ Միացյալ Նահանգները չունի քաղաքացիների միասնական ազգային ռեգիստր, ինչպես շատ երկրներ։ Մենք չունենք այնպիսի համակարգ, որը վերահսկվում է դաշնային կառավարության կողմից և պարբերաբար թարմացվում է։ Անգամ նահանգները չունեն տվյալների նման բազա։ Միակ համապարփակ տվյալների բազան, որն առկա է, վարորդական իրավունքի վկայականների ռեգիստրն է։ Քաղաքացիներից շատերը 16-ը լրանալուց հետո ստանում են վարորդական վկայական, ինչը շատ հաճախ օգտագործվում է նաև որպես նույնականացման քարտ, այդ թվում ընտրություններին մասնակցելիս։
Քանի որ ԱՄՆ-ում չկա ընտրողների ռեգիստր, ընտրացուցակները ձևավորվում են կամավոր գրանցումների միջոցով։ Որոշ նահանգներում դա բավական հեշտ է, իսկ որոշներում էլ նախատեսված են հստակ ընթացակարգեր։
ԱՄՆ քաղաքացիները բավական շատ են տեղաշարժվում։ Ամեն 4 տարվա ընթացքում ամերիկացիների մոտ 1/3-ը փոխում է իր բնակության վայրը։ Շատ ընտրողներ չեն թարմացնում իրենց ընտրական գրանցումը՝ ի տարբերություն իրենց վարորդական վկայականի տվյալների։ Դա հավելյալ բարդություններ է ստեղծում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող կառույցների համար։
Չնայած այս բարդություններին՝ կարող ենք ասել, որ համակարգը շարունակաբար կատարելագործվում է, տարածում է ստանում նաև նահանգների միջև ընտրողների ցանկերրի փոխանակման պրակտիկան, ինչն օգնում է համադրել ցանկերը և հստակեցնել ընտրողների տեղաշարժը՝ բացառելով, որ նույն անձը գրանցված լինի մի քանի նահանգում։
- Համակարգի նման ապակենտրոնացումն արդյոք մարտահրավերներ չի ստեղծում ամերիկյան ժողովրդավարության համար։
Ընտրական համակարգի նման ապակենտրոնացումն ունի առավելություն։ Այն անհնար է դարձնում ընտրությունների արդյունքների վրա ազդելու հնարավորությունը։ Ո՛չ կաշառքի, ո՛չ տեխնոլոգիաների միջոցով դա պարզապես հնարավոր չէ, քանի որ գործընթացում ներգրավված մարմինների թիվը շատ մեծ է։ Եթե անգամ լինի ազգային ընտրությունների արդյունքները կեղծելու որևէ փորձ, դա վստահաբար աննկատ չի մնա և անխուսափելիորեն կպարզվի։
- Որո՞նք են Ձեր գլխավորած կազմակերպության գործունեության առաջանահերթությունները։
- Մեր կազմակերպությունն աշխատում է երեք հիմնական ուղղությամբ։ Մենք ուսումնասիրում ենք ընտրական գործընթացիների լավագույն փորձը և դրա հիման վրա համապատասխան առաջարկներ ենք ներկայացնում նահանգային օրենսդիր մարմիններ։ Օրինակ՝ ակտիվ պայքարել ենք էլեկտրոնային քվեարկության և ընտրական մեքենաների դեմ և առաջ ենք տանում քվեարկության թղթային տարբերակը, ինչն ավելի հուսալի է։
Հստակ կուսակցական կողմնորոշում չունեցող, տատանվող նահանգներում օգտագործվում են թղթե քվեաթերթիկներ, ինչը կարևոր ձեռբերում է և շահարկումների տեղ չի կարող թողնել։
ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը տևում է ամիսներ։ Նոյեմբերի 6-ի առավոտյան, որպես կանոն, հրապարակվում են ընտրությունների արդյունքները, սակայն դրանք նախնական արդյունքներն են՝ հիմնված էքզիթ-փոլերի վրա։ Իրականում միլիոնավոր կամավորներ ձեռքով հաշվում են բոլոր քվեները, ինչը ժամանակ է պահանջում։
Ընտրական գործընթացները բավական հուսալի են, ինչի շնորհիվ քվեարկության հաշվարկի ժամանակ սխալի հավանականությունը գրեթե զրոյական է։
2020 թվականին գրանցվեց ԱՄՆ պատմության ամենաբարձր ընտրական մասնակցությունը։ Այն նախորդներից 20 միլիոն քվեով ավելի էր։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 2/3-ը մասնակցել էր քվեարկությանը։ Չնայած կորոնավիրուսին և քաղաքական բևեռացման բարձր մակարդակին՝ մեր ընտրական համակարգը կարողացավ հաջողությամբ անցնել այդ փուլը։
Ընտրությունից հետո հարուցվել էր 60 դատական գործ, և անգամ նախկին նախագահ Դոնալ Թրամփի կողմից ապատեղեկություն էր տարածվում։ Դրանց հետ կապված՝ անցկացվեցին մեծ թվով հետաքննություններ, և մինչ օրս չկա գեթ մեկ դատական որոշում, թե եղել է այնպիսի խնդիր, որը կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա։
Այդ ամենն ունեցավ միայն մեկ բացասական հետևանք՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ սկսեցին թերահավատորեն վերաբերվել մեր ընտրական համակարգին, Նրանք սպառնում են ընտրական գործընթացներում ներգրավված հանրային ծառայողներին, և վերջիններս արդեն ավելի քան 3 տարի թիրախավորվում են։ Նրանց մի մասը լքել է համակարգը։ Կարծում եմ՝ նրանք իրավական աջակցության և խորհրդատվության կարիք ունեն։ Մենք իրավաբանների խումբ ենք ստեղծել այդ պաշտոնյաներին աջակցելու համար։ Այս ոլորտում ևս փորձում ենք լավագույն փորձն առանձնացնել և այն առաջ տանել օրենսդիր մարմիններում՝ երկկուսակցական նախաձեռնություններով։
Մեր կազմակերպության մյուս առաձնահերթությունը մեդիայի հետ աշխատանքն է՝ հանրությանը կրթելու և իրազեկելու համար։ Մեր ընտրական գործընթացները բավական բարդ են, և փորձում ենք բացատրել, պարզաբանել, թե ինչպես է աշխատում այդ բարդ մեխանիզմը։
- Ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում ԱՄՆ ընտրական գործընթացների վրա։
- Ապատեղեկատվության երկու տեսակ կառանձնացնեի։ Առաջինը վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տարածվող կեղծիքներին։ Դրանք կարող են լինել ինչպես մրցակիցների կողմից, այնպես էլ արտերկրից։ Մենք ավելի շատ աշխատում ենք հենց ընտրական համակարգի մասին տարածվող ապատեղեկատվության հետ՝ փորձելով հանրությանը հնարավորինս մատչելի ներկայացնել ընտրական գործընթացի տարբեր մեխանիզմները։ Երբ, որտեղ և ինչպես ընտրել։
Ինչ վերաբերում է արտաքին միջամտության փորձերին, դրանք հիմնականում կրում են կիբեռհարձակումների տեսք։ 2016-ին մեր ընտրողների գրանցման համակարգի վրա Ռուսաստանից հարձակումներ գրանցվեցին, ինչը շատ արագ կանխվեց մեր մասնագետների կողմից։ Նման հարձակումների նպատակը ոչ այնքան տվյալներին հասանելիություն ստանալն է, որքան մեր ընտրական համակարգի նկատմամբ թերահավատության սերմանումը։ Իրականում նրանք ցանկանում են, որ մենք իմանանք իրենց հարձակումների մասին և դրանք լայն հնչեղություն ստանան:
Ապատեղեկատվության տարածման հետ կապված լայն հնարավորություն է ստեղծում արհեստական բանականությունը, ինչը նոր մարտահրավեր է։
- 2020 թվականի նախագահական ընտրությունից հետո Դոնալթ Թրամփը հայտարարեց ընտրության արդյունքի կեղծման մասին։ Ի՞նչ ազդեցութոյուն են ունեցել այդ հայտարարությունները ամերիկյան ընտրական համակարգի վրա։
- Դրանք շատ բացասական ազդեցություն են ունեցել։ Ինչպես նշեցի, այդ կեղծիքների պատճառով թիրախավորվեցին ընտրական համակարգում ներգրավված մարդիկ ամբողջ երկրով մեկ, դրանք հանգեցրին նաև 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի վրա հարձակմանը։
Ժողովրդավարության պայմաններում ընտրական մեխանիզմների համար կարևոր է, որ պարտվող կողմի համար իր պարտությունը լինի համոզիչ և կասկածի տեղիք չտա։ Նախորդ նախագահի կողմից տարածվող կեղծիքների տրամաբանությունն այն է, որ նա արդար կհամարի միայն այն ընտրությունը, որում ինքը կհաղթի։
Իրականում 2020 թվականի ընտրությունը եղել է լավագույններից։ Մինչ օրս հրապարակայնորեն բացահայտվել են մի շարք կեղծիքներ։ Օրինակ՝ պնդում էին, թե մահացածների անունից մեծ թվով քվեներ են եղել Ջորջիա նահանգում։ Համակողմանի հետաքննությունը, սակայն, ցույց տվեց, որ այդ թիվն ընդամենը 4 է։
Չնայած կեղծ թեզերի տարածմանը՝ իրականում ԱՄՆ ընտրական համակարգը միայն կատարելագործվում է։