«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը երեկ այցելել են Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված։
Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները։
Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը և այլն։
Շինարարին և տեխհսկողին հանձնարարվել է աշխատանքի կազմակերպման ընթացքում ուշադիր լինել և խստագույնս հետևել‚ որպեսզի բնակիչները սեփական նախաձեռնությամբ ջրահեռացման համակարգերում ու տեղադրվող վաքերում անցքեր չբացեն։ Դիտարկումներ են արվել մայթերի կառուցման, սալերի որակի վերաբերյալ:
Նորոգվող մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցներով։
Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը շինարարներին խնդրել է աշխատանքները ինտենսիվ կազմակերպել, որպեսզի շինարարությունը հնարավորինս շուտ ավարտին հասցվի՝ բնակիչներին քիչ անհարմարություններ պատճառելու համար։
Գոռ Ավետիսյանը հորդորել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ջրահեռացման համակագերի կառուցումը, որպեսզի հետագայում դրանք խնդիրներ չառաջացնեն կատարված աշխատանքների համար։
«Պետութունը բավական մեծ ներդրում է անում այս ճանապարհի հիմնանորոգման համար, պետք է ձեռնարկել բոլոր միջոցները‚ որպեսզի որակյալ արդյունք ստանանք‚ և ճանապարհը երկար ծառայի»‚- ասել է Ավետիսյանը։