Մարտի 22-ին` ժամը 18։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Skoda, BMW, Volkswagen և Ford մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Մ.-ն (ծնված 1996 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ի (ծնված 1997 թ.) և Մ. Դ.-ի դիերը, իսկ վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, BMW և Skoda մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: