ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։
Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։
Արարատ Միրզոյանը և Օմար Պագանինին մեծապես կարևորել են ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երևանում անցկացնելու մտադրությունը։
Երկու նախարարներն ընդգծել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական-քաղաքական կյանքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։
Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի և դրանից անդին ընձեռվող տնտեսական հնարավորությունները։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարևորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայտված դիրքորոշումների համար։