ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ ներկայացուցիչներ:
Պատվիրակությունը Հայաստանում է «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (2024-2026 թթ.) եռամյա ծրագիրը ներկայացնելու, քննարկելու, հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ծրագրի շրջանակում կրթության տարբեր մակարդակներում իրականացվելու է կարողությունների զարգացման և կարիքի գնահատման հետազոտություն:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ հատկապես շեշտելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացված ծրագրեր: Անդրադառնալով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության հաստատումից հետո իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումները:
«Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը` օրենսդրական փաթեթի մշակման հարցում ընդգծելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական կրթական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը:
Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզիոն վերահաստատել է ԵԿՀ աջակցությունը Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների գործընթացին, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացմանն ուղղված աշխատանքներին, ՄԿՈՒ ոլորտում ուսումնական գործընթացի թվայնացմանը, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը, որակի ապահովման համակարգերի բարելավմանը:
Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ:
Մարզային դպրոցներ ու նախադպրոցական կրթական ուսումնական հաստատություններ կատարած այցերի արդյունքներով հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչներն առանձնացրել են հատկապես կրթությունից դուրս մնացած երեխաների, նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածության, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթական իրավունքների լիարժեք իրացման հետ կապված խնդիրները:
Ծրագրի համակարգող Տիմո Կուսելան շնորհակալություն է հայտնել ընդունելության և շահառու կառույցների հետ հանդիպման հնարավորությունների ու հագեցած օրակարգի համար:
Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ Կառավարության՝ կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքներն ու ներդրված ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով կրթության ոլորտում 2023 թվականին կապիտալ ծախսերի 104 տոկոս աճը:
ԿԳՄՍ նախարար նշել է, որ հանրակրթության ոլորտում փոփոխություններ են իրականացվում թե՛ բովանդակության, թե՛ կառավարման, թե՛ ֆինանսավորման ուղղություններով, ուստի արտաքին գնահատումը կարևոր է` կատարվող աշխատանքի վերլուծության և արդյունավետության դիտարկման առումով:
Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ կողմերը մատնանշել են ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը, վերապատրաստումների ու սեմինարների կազմակերպումն ու համատեղ մասնակցությունը, ինչպես նաև դպրոցական ցանցերի և համակարգերի վերանայումը՝ հատկապես փոքր դպրոցների խնդիրները հաշվի առնելով:
Անդրադառնալով ուսումնական գործընթացի թվայնացման, թվային հմտությունների և որակավորումների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ թվայնացումն ընդհանուր առմամբ մեր կողմից դիտվում է ոչ միայն որպես կրթական տեխնոլոգիա, այլև համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:
«Այդուհանդերձ, տևական ժամանակ, հատկապես քովիդի համավարակով պայմանավորված, թվային տեխնոլոգիաները սկսեցին ընկալվել որպես հեռավար ուսուցման ապահովման միջոց: Սակայն կրթության չափորոշիչների փոփոխությունն առաջադրում է նաև տեխնոլոգիաների կիրառության այլ պահանջներ՝ սկսած առանձին առարկայից, որը մշակվել է հենց թվային գրագիտության համար և ներդրվում է երկրորդ դասարանից, մինչև բոլոր դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների տրամադրում, որոնք ՀՀ Կառավարության ծրագրի կարևոր մասն են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև թվային կրթության ռազմավարություն ունենալու ու դրա շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ուսումնական հաստատությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, գյուղական և քաղաքային համայնքների կրթական առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի: